Հրապարակախոս Զորի Բալայանը նամակը Պուտինին չնչին բան է, եթե համեմատենք նրա հետ, ինչ Սերժ Սարգսյանն արեց սեպտեմբերի 3-ին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը:
Այն հարցին, թե ինչու է Բալայանը հիմա հանդես գալիս Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու կոչով, Լևոն Բարսեղյանն ասել է, որ ունի վարկած, թե նման բան անել հրապարակախոսին խնդրել են նախագահականից:
«Երևի փորձում են մոռացնել տալ այն խայտառակ խուլիգանությունը, որ խաղաց Սերժ Սարգսյանը՝ երեք ու կես տարի մեկի հետ բանակցելով, հետո՝ մյուսի գիրկը նետվելով: Մտածել են՝ Զորի Բալայանի նամակով կշեղեն ուշադրությունը, մարդկանց ուշք ու միտքը այդ նամակին կդարձվի: Կամ մեկը հուշել է, որ Զորի Բալայանը նոր ճամփորդության փող ստանալու համար մի նման բան պետք է աներ», – ասել է Բարսեղյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ դժվար է բացատրել Բալայանի առաջարկը այլ կերպ, հաշվի առնելով, որ Նա ականատեսը և մասնակիցն է եղել անկախացմանը, Ղարաբաղի ազատագրմանը:
«Ռուսաստանապաշտությունը նորություն չէ մեզ մոտ, սակայն այս աստիճանի վիրավորել պետության, քաղաքացիների արժանապատվությունը, չէի պատկերացնի: Երևի Բալայանը ծաղկավոր խալաթ է նվեր ստացել Ռուսաստանից: Չեմ կարող որևէ կերպ բացատրել»,- ասել է Բարսեղյանը:
Նշենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ ծաղկավոր խալաթով դատարանի դահլիճ էին բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: