«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր չէ այլ անդամով փոխարինել ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության իր ներկայացուցչին՝ Զարուհի Փոստանջյանին:
«Իշխանություններից պահանջում ենք դադարեցնել տիկին Փոստանջյանի դեմ ուղղված քաղաքական հետապնդումները և վիրավորանքների ու լուտանքների արշավը և, ընդհանրապես, հարգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտության իրավունքը: Իսկ նրանք, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ», – ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ, «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը ԵԽԽՎ-ի նիստում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, խորհրդակցել է Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում՝ Փոստանջյանին հանելով պատվիրակությունից»: Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հարցրել էր Սերժ Սարգսյանին՝ արդյոք վերջինս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է տանուլ տվել: