Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը սկզբում անմեղ քայլ է համարել և նամակի անհեթեթ սկիզբն ու ծավալը հաշվի առնելով գերադասել է այդ մասին ընդհանրապես չխոսել:
Պետրոսյանի խոսքով՝ ավելի ուշ, երբ պարզել է, որ այդ անհեթեթությունն ամենևին էլ անմեղ քայլ չէ ու նաև կապված չէ Բալայանի տարիքի հետ, այլև իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության ու նրա գոյության համար: Այս մասին Պետրոսյանն ասել է այսօր գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ բանավեճի ժամանակ:
«Սա թշնամական գործողություն է Հայաստանի դեմ, այնտեղ շատ հստակ ասվում է, անընդհատ հղում է արվում Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրի` նշելով, թե դրանք պիտի հավերժ գործեն: Երբ Բալայանն այդքան խոսում է պատմությունից, ներկայացնում է դրա մի կողմը, ինքն ասում է՝ «ռուսները մեզ միշտ փրկել են», բայց չի հիշում, որ 1915 թիվը ռուսների ձեռքով է եղել, որ թուրքերը հայերին կոտորել են, բայց այդ պրովոկացիան ռուսն է արել ու ինքը հիմա նույն բանն է հրահրում՝ Ռուսաստանին Հայատանը պետք էր առանց հայերի: Հիմա նշանակում է, որ Զորի Բալայանի ու որոշ հայ մտավորականների կոչով Ռուսաստանը կարող է զորքը մտցնել Ղարաբաղ, պատերազմ հրահրել, ոչ մի ղարաբաղցի չթողնել, ու հողը մնա իրեն», – ասել է Պետրոսյանը:
Բանախոսը նշել է, թե Հայաստանի գլխին Ռուսաստանի խաղը խաղալով տրամաբանորեն բոլորին ապացուցում է շատ վաղուց բոլորին հայտնի կարծիքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի անվտանգության ծառայությունների աշխատակից է:
«Թող ինչ խոսում է՝ իր անունից խոսի ու ոչ թե մեր անունից հայտարարություններ անի», -եզրափակել է Պետրոսյանը: