Հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում արտահայտված մտքերը հանդիսանում են նրա անձնական կարծիքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Epress.am-ի խնդրանքին մեկնաբանել Բալայանի նամակը:
Հիշեցնենք, որ Բալայանն իր ծավալուն նամակում մեջբերում է 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, ով նշել էր, որ սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ է անում հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Իրանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: Բալայանն ընդգծում է, որ «Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրել են հավերժական ժամանակների համար» ու կոչ է անում Պուտինին այցելել Լեռնային Ղարաբաղ: