2014 թվականին նվազելու են մի շարք համայնքներին պետական բյուջեից տրվող դոտացիաները։ Համայնքներում սա բացատրում են նրանով, որ պետբյուջեից տրված դոտացիաների ծավալը պայմանավորված է բնակչության փաստացի թվով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Կապանի քաղաքապետարանից թերթի թղթակցին հայտնել են, որ եթե մինչև հիմա բյուջետային ֆինանսավորման համար հիմք են ծառայել բնակչության թվի մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապա այժմ հիմք է ընդունվում ոստիկանության ներկայացրած ցուցանիշը։ Իսկ դրանք խիստ տարբեր են։ Կապանի բնակչությունը, ըստ քաղաքապետարանի, կազմում է 45 հազար 200, ըստ ԱՎԾ-ի՝ 43 հազար 200 մարդ, իսկ ահա, ըստ ոստիկանության, 37 հազար 600 մարդ։
«Այստեղից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե որքան Է այսօր ՀՀ բնակչությունը։ Ընդամենը երկու տարի առաջ նույն Կապանում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, բնակչությունը 62 հազար է եղել։ Այլ կերպ ասած, ներկայումս Կապանի բնակչությունը 40 տոկոսով ավելի քիչ է, քան հայտարարվում էր ընդամենը երկու տարի առաջ։ Եթե այս հաշվարկը տարածենք ամբողջ Հայաստանի վրա, ապա կստացվի, որ երկու տարի առաջ հայտարարված 3.2 միլիոն բնակչությունը հիմա կազմում է ընդամենը 2 միլիոն», – հավելում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում