Հայաստանի հավաքականի վերջին մրցելույթը 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում, ինչպես և ամբողջ մրցաշարը, երկակի տպավորություն թողեց: Մի կողմից՝ հասկանալի էր, որ Իտալիայի հավաքականը, որն արդեն Աշխարհի գավաթի ուղեգիր էր ձեռք բերել, մոտվիացիայի հետ կապված խնդիրներ ուներ, և խոշոր հաշվով մարզիչ Չեզարե Պրանդելին փորձարառական կազմ էր խաղադաշտ դուրս բերել: Մյուս կողմից՝ իտալացիների անգամ այս կազմը մեծ ներուժ ունի, և մրցակցի հարկի տակ 2:2 հաշվով ոչ-ոքին կարելի է մեծ հաջողություն համարել: Սա առաջին դեպքն է հայաստանյան ֆուտբոլի պատմության մեջ, երբ թոփ-10-ի թիմերից մեկին մեր հավաքականը չպարտվեց:
Այնուամենայնիվ, 2:2 հաշիվը չփակեց այն, ինչ հնարավոր չէ չտեսնել՝ թիմում խաղային գծերի դիսբալանսը և տարբեր ֆուտբոլիստների կարգերի մեծ տարբերությունը:
Հայաստանցիները երկու անգամ առաջ էին հաշվի մեջ, սակայն մեծ ջանքերի գնով ձեռք բերված առավելությունը երկու դեպքում էլ բավական արագ կորցրեցին պարզագույն սխալների պատճառով: Յուրա Մովսիսյանի գոլից հետո 19 րոպե անց Արթուր Եդիգարյանը դաշտի կենտրոնում գնդակը նվիրեց մրցակցին, հյուրերը արագ հակագրոհ ստացան, որի ընթացքում պաշտպանները չկարողացան ճիշտ վերադասավորվել: Արդյունքում՝ Լորենցո Ինսինյեն փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն, իսկ Ալեսանդրո Ֆլորենցին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները երբեմն հաջողությամբ կիրառում էին արագ հակագրոհների մարտավարությունը և գրոհներն ավարտում էին հարվածներով, սակայն առջևի գծում լավ խաղի տպավորությունը զրոյանում էր հետևում անընդհատ կրկնվող պարզունակ սխալների պատճառով: Երբեմն տպավորություն կար, որ եթե իտալացիները մի փոքր տեմպն ավելացնեն, մեր պաշտպանությունը հիմնահատակ կքանդվի, սակայն երկար ժամանակ հաջողվում էր խուսափել բաց թողած գնդակից: Իսկ ահա 70-րդ րոպեին մեր թիմին օգնեց դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին, ով նախ գնդակը դաշտի սահմաններից բաց թողեց, երբ պարտավոր էր որսալ այն՝ Հայաստանին անկյունային նվիրելով, ապա սխալ դուրս եկավ, ու Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով առաջ մղեց մեր թիմին:
Այս անգամ առավելությունն էլ ավելի կարճ տևեց. փոխարինման դուրս եկած Մարիո Բալոտելին, ով ջանում էր ապացուցել, որ արժանի է խաղալ հավաքականի հիմնական կազմում, կարողացավ կրկին հավասարեցնել հաշիվը:
2:2, և Հայաստանը, 13 միավոր վաստակելով ամենաբարդ ընտրական խմբում, 5-րդ տեղը զբաղեցրեց: Հունիսին Մալթայի նկատմամբ սեփական հարկի տակ հաղթանակ տանելու դեպքում Հայաստանն այսօր երկրորդը կլիներ խմբում: Նշենք, որ 16 միավորով 2-րդ հորիզոնականում հայտնված Դանիան դարձավ բոլոր խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած թիմերից միակը, ով փլեյ-օֆ փուլում չխաղաց ավելի վատ ցուցանիշների պատճառով: Դեռևս մինչև վերջին տուրը պարզ էր, որ այս խմբում նման հնարավարություն ունի միայն Հայաստանը: Եվ եթե հեքիաթային տարբերակը աշխատեր՝ Հայաստանը հաղթեր Իտալիային, Մալթան չպարտվեր Դանիային, իսկ Բուլղարիան և Չեխիան ոչ-ոքի խաղային, ապա երկուշաբթի կայանալիք փլեյ-օֆ փուլի վիճակահանությանը ամբողջ Հայաստանը կսպասեր: Բայց երբ սեփական հարկի տակ պարտվում ես Մալթային, դժվար է ակնկալել, որ ապագայում ֆուտբոլային բախտը նման բարեհաճություն կդրսևորի թիմի նկատմամբ: Իսկ ընտրական փուլի դրական կողմն այն էր, որ մենք ևս մեկ ապացույց ստացանք՝ նախորդ ընտրական փուլի հաջողությունը պատահականություն չէր, իսկ Հայաստանի հավաքականն իր լավագույն օրերին կարող է դիմակայել աշխարհի յուրաքանչյուր թիմին: Բայց Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու համար նաև կայունություն ու ավելի բարձր կարգ է հարկավոր: