Հայաստանը բաց է թողել ազգությամբ ադրբեջանցի, Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Փելենգովին, ով երկու ամիս պահվել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Փելենգովի պաշտպանության հանրային խորհուրդը բազմիցս հայտարարել էր նրա իրավունքների խախտման մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է մի վայրում, որտեղ սահմանը, ըստ էության, բացակայում է:
Բուրմա գյուղի բնակիչ 44-ամյա Ալլահվերդի Փելենգովը բերման էր ենթարկվել հայ սահմանապահների կողմից օգոստոսի 17-ին: Նրա ազատ արձակման և տուն վերադառնալու մասին հայտնում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (ԽՆԿԿ), որը համակարգում էր Փելենգովի պաշտպանության հանրային խորհրդի աշխատանքները Հայաստանում: Կազմակերպությունը հղում է կատարում գործով քննիչ Տիգրան Սինոյանին: Վերջինիս փոխանցմամբ՝ Փելենգովն ազատվել է Հայաստանում հայտարարված համաներմամբ: Քրեական գործը կարճվել է: Միևնույն ժամանակ, ԽՆԿԿ-ն նշում է, որ հայ-վրացական սահմանին իշխանությունների անգործության և մարդու իրավունքների խախտումների խնդիրը շարունակում են արդիական մնալ:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը հայտարարել էր, որ վրաստանյան մամուլի հրապարակումները, թե Փելենգովին Հայաստանում խոշտանգել են, չեն համապատասխանում իրականությանը:
«Նրա վիճակը շատ լավ է: Նա իրեն մեղավոր է ճանաչել իրեն առաջադրած հոդվածով սահմանված արարքը կատարելու մեջ: Հետաքննությունը շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբանը:
Վրաստանի քաղաքացու պաշտպանությամբ զբաղվում էր Փելենգովի պաշտպանության հանրային խորհուրդը, որը ստեղծվել է Թեքալի գյուղում սեպտեմբերի 14-ին կայացած իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողնեի ու տեղի բնակիչների քննարկման արդյունքում: Այս կառույցը այնքան էլ լավատես չէր կալանավորվածի վիճակի հարցում. Փելենգովը զրկված էր տեղեկատվություն ստանալու իրավունքից: Խորհուրդը բազմիցս դիմել էր ԱԱԾ-ին՝ Փելենգովի հետ հանդիպում խնդրելով, սակայն մերժում էր ստացել:
Ինչպես Epress.am-ին հայտնել էր Փելենգովի պաշտպանության հանրային խորհրդի հայաստանյան համադրող, իրավապաշտպան Գեորգի Վանյանը, խորհուրդը դիմել էր նաև Հայաստանի և Վրաստանի Արտաքին գործերի նախարարություններին և Արդարադատության նախարարություններին, սակայն այդ գերատեսչություններից ևս որևէ պատասխան չէր ստացել:
Վանյանը դեռևս օգոստոսի 22-ին դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ խնդրելով իրավապաշտպանների արագ արձագանքման խմբին ուղարկել այցելելու Պելենգովին: «Միակ բանը, որ օմբուդսմենի ապարատից արել են, զանգել ու ճշտել են ձերբակալվածի ազգությունը»,- ասել էր իրավապաշտպանը:
Վանյանի խոսքով՝ Փելենգովին ձերբակալելը վկայում է այն մասին, որ փորձ է արվում հայ-վրացական սահմանը մտցնել հայ-ադրբեջանական հակամարտության համատքեստի մեջ, և հայկական անվտանգության ծառայությունները չունեն ինքնուրույնություն, որպեսզի այդ գործընթացը կանխեն: