Սարսափելի է, որ 21-րդ դարում կարելի է գովերգել բռնապետին և բռնապետությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղած նամակին, ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Բալայանի նամակը նա նույնպես սարսափելի է որակել:
«Սարսափելի է, որ մենք կասկածի տակ ենք դնում պատմական ընթացքի մեջ մեր բեկումը, որը ձեռք ենք բերել: Ես շատ եմ ցավում, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս հայ մարդը: Չէ՞ որ բոլոր լավագույն պայմաններն այսօր կան` ազատ, անկախ միացյալ մեր հայրենիքն ունենալու համար»,- ասել է Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով՝ Պուտինին ուղղված նամակին ծանոթացել է նաև իր 20-ամյա դուստրը: Փոստանջյանը նշել է, որ ինքն ուրախ է, որ երիտասարդ սերունդը չգիտի՝ ի՞նչ է խորհրդային մարդը, ու հենց այդ սերունդն է թելադրելու ազատ, անկախ Հայաստանի օրակարգը, այլ ոչ թե Զորի Բալայանը: