2010 թվականից ի վեր` ԵԽ Նախարարների կոմիտեում, որը վերահսկում է ՄԻԵԴ վճիռների կատարումը, վերահսկողական ընթացակարգերը զգալի փոփոխվել են, դրանցով փոխվել են նաև պետությունների պարտավորությունները: ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողության նոր կարգի համաձայն, վճռի ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պարտավոր է Նախարարների կոմիտեին ներկայացնել Գործողությունների ծրագիր (action plan) այն մասին, թե ինչ անհատական և ընդհանուր բնույթի միջոցառումներ է վերջինս նախատեսում իրականացնել վճռի կատարման նպատակով։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան Արա Ղազարյանը, 2013 թվականի հուլիս ամսվա դրությամբ կոմիտեի վարույթում գտնվող 38 գործերից 11-ի առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Գործողությունների ծրագրեր չեն ներկայացվել:
«Այդ 11 գործերից 10-ը առանցքային (LEAD) գործեր են, այսինքն այնպիսի դատական վճիռներ են, որոնցում ՄԻԵԴ-ը նկատել է համակարգային խնդիրներ ներպետական օրենսդրության և/կամ դատական պրակտիկայի հետ կապված և այդ առումով կայացրել է պիլոտային վճիռներ։ Նման գործերով վճիռների կատարումը, հետևաբար, առավել օպերատիվություն և ուշադրություն է պահանջում, մինչդեռ տվյալ դեպքում նկատելի է անգործություն։ Ինչևէ, այս անգործությունը այնքան էլ խիստ չի գնահատվում Կոմիտեի կողմից, քանի որ գործերից միայն մեկի՝ Վիրաբյանի գործն է տեղափոխվել խստացված ընթացակարգ, ինչը հակասում է որդեգրած քաղաքականությանը»,- ասել է Արա Ղազարյանը:
Իրավաբանի խոսքով՝ Հայաստանը նաև չի ներկայացրել այլ անհրաժեշտ բացատրություններ՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասին: Օրինակ՝ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված՝ վարչական կալանքի պայմաններում թույլ տված խախտումների մասին 5 գործերով Կոմիտեն 2010 թվականից ի վեր ՀՀ կառավարությունից սպասում է տեղեկատվություն 2004 թվականից Նախագահի հրամանագրի հիման վրա սկսված ՁՊՎ-ների վերանորոգման լայնամասշտաբ պետական ծրագրի արդյունքների մասին` հատկապես Արմավիրի և Էջմիածնի ՁՊՎ-ների մասով, քանի որ հենց այս հիմնարկներում էին վերը նշված գործերով իրավախախտման զոհերը պահվել վարչական կալանքի տակ։
«Վարչական կալանքի (Կոնվենցիայի 11-րդ հոդված) գործերով` ՀՀ Կառավարությունը չի ներկայացրել՝ հանրահավաքների և միավորումների ազատության մասին օրենսդրության մեջ 2008 թվականից հետո կատարված բարեփոխումների մասին և թե արդյոք դիմողների նկատմամբ շարունակվում են հետապնդումները։ Կոմիտեն որոշակի տեղեկություններ է սպասում նաև երկու վճիռներով իր պայամջած ինֆորմացիայի», – եզրափակել է Ղազարյանը: