Հայաստանի համար այսօր մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարևան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում՝ սահմանների փակ լինելու պատճառով: Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:
Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ: