Home / Հայաստան / Վնասել են Կարո Եղնուկյանի երկրորդ մեքենայի դիմային մասն ու կողային հայելիները

Վնասել են Կարո Եղնուկյանի երկրորդ մեքենայի դիմային մասն ու կողային հայելիները

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում վնասել են «Նախախորհրդարան»-ի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի երկրորդ ավտոմեքենան ևս: Նշենք, որ առաջին ավտոմեքենայի անվանդողերը ծակել էին հոկտեմբերի 15-ին՝ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց կայացած ակցիայի ժամանակ:

Անցած գիշեր վնասված ավտոմեքենան կայանած է եղել նրա բնակության շենքի բակում:  

«Նախախորհրդարանից» Epress.am-ին հայտնել են, որ այս անգամ վնասել են մեքենայի դիմային մասն ու կողային հայելիները:

Շարժումը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ  հիմնավոր կասկածներ ունի, թե նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են:

«Ավելին` երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:

«Նախախորհրդարան»-ի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի նաև, որ այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության և ոստիկանության, անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ: Այդ մասին են վկայում Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու և սերմանելու գործողությունները, ապա նաև` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաև դրանց նկատմամբ դատախազության և ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսևորվում է նաև Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ:

Համակարգի այսպիսի վարքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ծածկած շուկայի ազատագրումը միայն մշակութային ժառանգության կամ օրենքն ու պետականությունն անտեսող օլիգարխի ձեռքը բռնելու պայքար չէ: Այն ի սկզբանե եղել և օրըստօրե ավելի ու ավելի է ուրվագծվում ու հասունանում որպես մեր երկիրը և ժողովրդին կեղեքող համակարգը փոխելու, ազգի ու պետության լինելության համար մղվող ազգային-ազատագրական պայքարի կարևոր մաս և յուրօրինակ մոդել», – նշում են հայտարարության հեղինակները: