Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի զեկույցը փաստում է, որ կոռուպցիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ահռելի է, և խոշոր ընկերությունները ներգրավված են այդ գործընթացում:
Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնն այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում»։ Նշենք, որ PFA-ի գործադիր խորհրդի անդամ է հանդիսանում, մասնավորապես, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը:
Ինչպես տարածած հաղորդագրության մեջ նշում են PFA-ի ներկայացուցիչները,
զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։
Օրինակ, կոռուպցիայի հետ առընչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ «մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը։ Զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար:
PFA-ի գործադիր խորհրդի անդամ դոկտոր Զավեն Քալաջյանը նշել է, որ, «իր բնույթից ելնելով, կոռուպցիան շատ դժվար է բացահայտել։ Հենց այդ պատճառով էլ մեթոդների ընտրությունները և վերլուծության ոլորտները ընտրվել են շատ զգուշորեն՝ զեկույցն առավելագույնս արժեքավոր դարձնելու համար։ Խումբը օգտագործել է ինչպես քանակական այնպես էլ իրական դեպքերի ուսումնասիրման մեթոդներ՝ Հայաստանի տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից ու ռազմական ոլորտից մինչև փողերի լվացում և մանրածախ կոռուպցիա, ընդհանուր կոռուպցիայի և կաշառակերության մակարդակը առավելագույնս ճշգրիտ չափելու համար։ Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ կոռւոպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղաթահերելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»։
Զեկույցի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների արդյուանվետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որ կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել։ Այն կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ։ Ներկայումս Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև հետադարձ կապը խզված է։ Այն երկրում հաստատված ռեժիմին անհաղորդ է դարձնում ընտրազանգվածից եկող ճնշումների նկատմամբ և հիմնարար կերպով փոխում է իշխող բուրգի գագաթին գտնվող անհատների խթանները»։
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր և վերջերս շատ լայն տարածում գտած «Ինչու են ազգերը տապալվում․ իշխանության, բարօրության և աղքատության արմատները» գրքի հեղինակ, թուրքահայ տնտեսագետ Տարոն Աճեմողլուն, իր հերթին, նշում է, որ ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած տեղակայության պատճառով։
«Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով։ Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով։ Այս հրաշալի զեկույցը առաջին քայլն է այդ ուղղությամբ», – ասել է Աճեմօղլուն: