«Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում ընտրվել է խմբակցության նոր ղեկավար` Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը, գրում է Aravot.am-ը:
Նիստին հրավիրվածի կարգավիճակով մասնակցած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն անձնական որոշում է կայացրել՝ հեռանալով այդ պաշտոնից: Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները` վստահեցնելով, որ դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ:
Զարուհի Փոստանջյանն, իր հերթին, ասել է, որ Հակոբյանի որոշումն իրենց համար անսպասելի էր:
«Ինքն անձնական որոշում է կայացրել: Մենք չենք իմացել, որ նման որոշում կլինի, բայց դա կապ չունի ստրասբուրգյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների հետ: Ես էլի իմ այն կարծիքին եմ, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք` տարբեր մոտեցումներով»,- ասել է Փոստանջյանը: