Երեկ վիրահատված դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, հետվիրահատական խնդիրներ չեն եղել: Այս մասին Epress.am–ի զրույցում ասել է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Պետրոսյանը գիշերը նորմալ է անցկացրել, և արդեն վաղը բժիշկները կքննարկեն վերակենդանացման բաժանմունքից դերասանին պալատ տեղափոխելու հարցը:
Նշենք, որ Պետրոսյանը վնասվածքներ էր ստացել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարում: Նրա վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենանյի հետ, որում 6 մարդ է եղել: Ավտովթարում տուժածներից 5 հիվանդանոցում են, իսկ երկուսը՝ 16-ամյա Էդգար Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը մահացել են:
Դեպքի առթիվ ոստիկանությունը քրգործ է հարուցել 242-րդ հոդվածի երրորդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով):