1813 թվականին կնքված ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրի թեման հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված 22 էջանոց նամակով չի ապառվել: Հոկտեմբերի 24-ին «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցիչները Երևանի Սլավոնական համալսարանում Կլոր սեղան են կազմակերպելու՝ «Գյուլիստանի հաշտության պայմանագիրը 1813-2013թթ-ի պատմական զուգահեռներում» թեմայով: Միջոցառումը նվիրված է պայմանագրի 200-ամյակին:
«Ռուսհամագործակցության» հետ համատեղ միջոցառումը կազմակերպել են Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ:
Կլոր սեղանի շրջանակներում՝ ժամը 14.00-ին, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մամուլի ասուլիսը: Վերջինը նաև գրել է «Ապստամբ Ղարաբաղ» գիրքը. հեղինակի՝ ԽՍՀՄ ՆԳՆ սպայի հիշողությունները Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում առաքելության մասին:
Հիշեցնենք, որ Բալայանը Պուտինին ուղղված իր նամակում մեջբերում է 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, ով նշել էր, որ սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ է անում հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: Բալայանն ընդգծում է, որ «Ռուսաստանը և Պարսկաստանը պայմանագիր ստորագրել են հավերժական ժամանակների համար» ու կոչ է անում Պուտինին այցելել Լեռնային Ղարաբաղ: