Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին (լուսանկարում) չեն ցանկանում ազատել համաներմամբ: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ, այժմ նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության հոդվածով: Այսօր մամուլի ասուլիսին Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարել է, որ վերոնշյալ մեղադրանքի առաջադրումը մեկ պատճառ ունի՝ համաներումը կիրառելի պիտի լիներ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում, և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմքեր այլևս չկային:
«Քննչական մարմինը, համոզվելով, որ մեկ մեղադրանքով փակի տակ պահել այլևս չի կարող, առաջադրեց երկրորդը», – ասել է փաստաբանը:
Ավետիսյանի մարտական ընկերները, իրենց հերթին, նրան ազատ արձակելու պահանջով վաղը նամակ են հանձնելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկները ցանկանում են Կոստանյանի ուշադրությունը հրավիրել նաև քննչական մարմինների անգործության վրա:
«Փաստաբան Արա Զաքարյանը ուսումնասիրել է Վոլոդյայի գործի ընթացքը, ու ապացուցել մեր իրավական դաշտի անգործությունը, ինչպես նաև իշխանությունների դիտավորությունները: Մեկ ամիս է՝ ոչ մի գործողություն չի կատարվել, քննչական մարմինը պարտավոր էր կատարել դրանք, այն էլ՝ հրատապ: Նա պարտավոր էր առերեսում անել այն բոլոր անձանց հետ, ովքեր մեղադրում են Վոլոդյա Ավետիսյանին, մինչդեռ այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի առերեսում տեղի չի ունեցել: Անարդարության նման մթնոլորտ երբևէ չի եղել ու իշխանությունները իրենց գործողություններով այսօր մի մեծ քար են դնում Վոլոդյայի գործով անարդարության նժարին», – ասել է Սարուխանյանը: