Հոկտեմբերի 23-ին կայացած Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներն առանց անակնկալների ավարտվեցին: Բոլոր ուժեղները հաղթանակներ տարան իրենց մրցակիցների նկատմամբ, գրանցվեց 3 խոշոր հաշիվ:
A խմբում Լևերկուզենի «Բայերը» 4:0 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»: 2 գոլի հեղինակ դարձավ Շտեֆան Կիսլինգը: «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական բարդ հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթելով իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Այս խմբում «Յունայթեդը» 7 միավոր է վաստակել, «Բայերը»՝ 6, իսկ «Շախտյորը»՝ 4: Հաջորդ տուրի «Շախտյոր»-«Բայեր» հանդիպումը կարող է որոշիչ լինել 2 ուղեգրերի համար պայքարում:
B խմբում Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենթուսին», որը դժվարին կացության մեջ է հայտնվել, քանի որ Ստամբուլի «Գալաթասարայը», 3:1 հաշվով հաղթելով «Կոպենհագենին», 4 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ «Յուվենթուսը» 3 խաղում 2 միավոր է վաստակել: «Ռեալը» 9 միավորով առաջինն է, և արդեն հաջորդ տուրում 1 միավոր վաստակելու դեպքում դե-յուրե կապահովի իր տեղը փլեյ-օֆ փուլում: «Յուվենթուսի» դրությունն այնքանով է բարդ, որ հիմնական մրցակցի՝ «Գալաթասարայի» դեմ երկրորդ հանդիպումը թիմն անցկացնելու է մրցակցի հարկի տակ:
C խմբում գլխավոր հերոսն էր Զլատան Իբրահիմովիչը, ով 4 գնդակ ուղարկեց բելգիական «Անդերլեխտի» դարպասը: Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում ևս մեկ գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Հանդիպման վերջնական հաշիվն է 5:0, իսկ ՊՍԺ-ն, 3 խաղում 9 միավոր վաստակելով, նույնպես խնդիրը կարող է լուծված համարել:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա նա դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության ընթացքում 11-րդ ֆուտբոլիստը, ով կարողացել է 4 գնդակ խփել մեկ խաղում:
Պորտուգալական «Բենֆիկան» սեփական հարկի տակ 1:1 խաղաց հունական «Օլիմպիակոսի» հետ: Այս թիմերը 4-ական միավոր են վաստակել, և կպայքարեն 2 տեղի համար:
D խմբում Մյունխենի «Բավարիան» 5:0 հաշվով պարտության մատնեց չեխական «Վիկտորիային», իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ դժվարին և կարևոր հաղթանակ տարավ ռուսաստանյան ԲԿՄԱ-ի նկատմամբ: Այստեղ «Բավարիան» 3 խաղում 9 միավոր է վաստակել, «Սիթին»՝ 6, և հաջորդ փուլի ուղեգրերը գրեթե 100 տոկոս հավանականությամբ հենց այս թիմերը կվաստակեն: