Ազգային ժողովը վերացրեց գործազրկության ինստիտուտը՝ հայտարարելով, որ անբարոյականություն է գործազուրկին 18.000 դրամ տալը: Դա խորհրդանշական էր այն ֆոնին, որ նույն օրը ԱԺ-ն քննարկել է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 436 հազար դրամից 1 միլիոն 322 հազար դրամ դարձնելու, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից 1 միլիոն 190 դրամ դարձնելու մասին հարցը: Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթում երեկվա ընդունված որոշման մասին ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք այն մարդիկ են, որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27.6 %-ից աճել է 35%-ի, արտագաղթը՝ ահագնացել է: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար էլ նրանց պաշտոնավարման հետևանքները աղետալի են Հայաստանի համար: Կառավարության անդամներն ունեն փաստարկ, նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում էլ է նախատեսվում: Այո, ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրանալու է 4.7 %-ով, և եթե այսօր ուսուցիչը Կրթության և գիտության նախարարից 2.3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս օրինագծի ընդունումից հետո քիչ է ստանալու 5.3 անգամ: Եթե հաշվի առնենք, որ հունվարի 1-ից մեկնարկում է այսպես կոչված կուտակային աշխատավարձի համակարգը, ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացում իրականում չկա», – ասել է Փաշինյանը:
Նման որոշման ընդունումն աղքատության ֆոնի վրա, պատգամավորի գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան ցինիզմ:
«Ինչո՞ւ պետք է բարձրանա Սերժ Սարգսյանի աշխատավարձը: 2008 թվականին Երևանը տանկերով օկուպացնելո՞ւ, թե՞ Եվրոպաներում և Ռուսաստանում Հայաստանը ծաղրի առարկա դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ պետք է բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատավարձը՝ նշելով, որ դրա համար պատճառներ չկան: Փաշինյանը նշել է, որ դեմ է քվեարկելու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծին:
Պատգամավորն իր ելույթում նաև մեղադրել է ՀՅԴ-ին՝ ասելով, որ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով՝ կուսակցության ներկայացուցիչները կողմ են քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին (նկատի ունի Գևորգ Կոստանյանին) և համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել:
Տեսանյութը՝ Nikol Pashinyan օգտատիրոջ YouTube-ի էջից