ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անընդունելի է համարում այն, որ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում որոշել՝ ով է ընդդիմություն և ով՝ոչ:
«Թող իրենց խմբակցությանը նայի», – ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ երեկ, խոսելով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման դեմ, Փաշինյանը քննադատել էր ՀՅԴ-ին իշխանական կոալիցիայի կողմից առաջարկած նախագծին կողմ լինելու համար:
ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասել էր, որ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով՝ կուսակցության ներկայացուցիչները կողմ են քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին (նկատի ունի Գևորգ Կոստանյանին) և համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել (նկատի ունի Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու որոշումը):
Այսօր ՀՅԴ-ական պատգամավորը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը որոշել է քննադատել իրենց կուսակցությունը Արծվիկ Մինասյանի ելույթի պատճառով, որում վերջինս ասել է, թե պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման դեմ հանդես գալը պոպուլիզմ է:
Վարդանյանի խոսքով՝ Փաշինյանը չէր կարող իրեն թույլ տալ պոպուլիստ երևալ, այդ իսկ պատճառով ցանկացել է ապացուցել, որ «ճիշտ ընդդիմադիր գործիչ է»:
ՀՅԴ-ականը պնդել է, որ աշխատավարձերի բարձրացման ծրագրի մասին իր կուսակցությունը 10 տարի է խոսում և ընդգծել, որ, օրինակ, նախարարություններում արդեն 6 տարի աշխատավարձ չի բարձրացել:
«Կարծում եք հավերժ պետք է մնան այն ժամանակաները, երբ նախագահը աշխատավարձով չի ապրում», – պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին խոսելով՝ հավելել է Աղվան Վարդանյանը: