Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դմանիսի ու Բոլնիսի գյուղերի ադրբեջանական բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք երբեք չպետք է հանցագործներին վերադրաձնի Վրաստանի փողոցները:
«Ոչ ոք չպետք է մեզանից խլի մեր ձեռք բերած ունեցվածքը: Ոչ ոք չպետք է ձեզ թաթարներ անվանի, ինչպես նախկինում էր, քանի որ մենք նոր Վրաստան ենք ստեղծել», – Սաակաշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:
Նրա կարծիքով՝ ոչ ոք իրավունք չունի վիրավորել ադրբեջանցիներին, քանի որ նրանք մասնակցել են նոր Վրաստանի ստեղծմանը: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ այսօրվա Վրաստանում բոլոր ազգերը հավասար են:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես էր եկել Մարնեուլի շրջանի Ալգեթի գյուղի բնակիչների առջև՝ կոչ անելով հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին ճիշտ ընտրություն անել: Նշենք, որ Սահակաշվիլին սատարում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեին: Սաակաշվիլին նշել է նաև, որ հպարտ է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհիվ Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավվել են: