Home / Տեսանյութեր / Ով է տուժել Փակ շուկայի բացումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով է տուժել Փակ շուկայի բացումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որպես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի խանութ վերաբացված Փակ շուկան պահպանել է իր անունը և ներսում հատուկենտ տաղավարները, որոնցով փորձում են շուկայի տպավորություն ստեղծել, սակայն տարածքի բնակիչներից շատերը համոզված են, որ դրանք աստիճանաբար վերանալու են: Նախկին Փակ շուկայի տարածք այցելած Еpress.am-ի թղթակցի հետ իրենց դժգոհություններով կիսվել են թե՛ հարակից շենքերի բնակիչները, թե՛ տարածքում վաճառակետեր ունեցողները:

«Երևան սիթի»-ն իր հայտնվելով գործազուրկ է դարձրել ոչ միայն շուկայում նախկինում առևտուր անող տասնյակ մարդկանց, այլև կարող է հանգեցնել հարակից խանութների ու միրգ-բանաջարեղեն վաճառող փոքր կետերի փակման: Փակ շուկայի հետնամասում նախկինում գործող մի շարք տաղավարներ արդեն իսկ փակ են:

Մեր թղթակցի հետ զրույցում խանութների սեփականատերերից մի քանիսը հայտնել են, թե 15 տարի շարունակ զբաղվել են առևտրով, իսկ շուկայի վերաբացումից հետո կանգնած են փակման վտանգի առաջ: Նրանցից մի քանիսն ասել են, որ առայժմ փորձելու են աշխատել մինչև տարեվերջ՝ Ամանորյա տոներ, իսկ ինչ կլինի դրանից հետո՝ չգիտեն: Շենքի ներսում «Սիթի»-ի ղեկավարությունը տաղավարներում 1 քմ-ի դիմաց 4000 դրամ է պահանջում: Նախկինում շուկայում առևտուր իրականացնող մարդկանց խոստացել էին հնարավորություն տալ աշխատել այդ տաղավարներում, սակայն այժմ նախկին աշխատողներից և ոչ մեկին տարածք չեն տրամադրում:

Նշենք, որ առևտրականները հիմնականում չէին ցանկանում ներկայանալ՝ վախենալով, որ ԶԼՄ-ներով երևալուց հետո կարող են խնդիրներ ունենալ:

Խոսելով Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ակցիայի ժամանակ հնչող հայտարարությունների մասին, թե իրենք հարակից շենքերի բնակիչներ են, խանութներից մեկում մեզ հանդիպած մի կին հայտարարել է, որ իրականում տարածքի բնակիչներից մեկ-երկուսն են մասնակցել ակցիաներին, մյուս մասը դեմ է եղել «Սիթիի» կառուցմանը: Նա հիշեցրել է, որ դեռևս այս տարվա մայիսին Պարոնյան փողոցի 4ա շենքի բնակիչները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով դադարեցնել Փակ շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը:

«Բոլորն էլ բերովի են՝ հատուկ գումարի դիմաց գալիս են, գոռգոռում, հետո գնում են  իրենց տները: Ստավկան 20-50.000 դրամ  է՝ սաղն էլ վճարովի են ու քաղաքի տարբեր մասերից», – Ալեքսանյանի կողմնակիցների ակցիաների մասին խոսելով՝ ասել է 50-ամյա մի կին: