Վրաստանի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող քաղաքական կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրաստանի զարգացման հանդեպ մեր վերաբերմունքը մենք արտահայտել ենք 2008 թ. հանրաքվեի ժամանակ: Վրաստանի ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի ցանկությունն է ինտեգրվել եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին»,- ասել է նա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը Մինսկում ԱՊՀ երկրների գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ ցանկանում է՝ Վրաստանը վերադառնա ԱՊՀ:
Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմում գտնվելը արդյունավետ չէր ու Վրաստանին «ոչ մի երաշխիքներ չէր տալիս»:
«Մենք հարգում ենք մեր բելառուսցի գործընկերների հայտարարությունները, բայց Վրաստանը միանշանակ շարժվում է դեպի Եվրոպա, այլ ոչ՝ ԱՊՀ»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր 2008-ի պատերազմից հետո: Խորհրդարանն իր հավանությունը տվեց նախագահի նախաձեռնությանը, ու օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ-ն ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին տեղեկացրեց երկրի՝ Համագործակցության կազմից դուրս գալու մասին:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի քննարկում ԱՊՀ վերադառնալու հարցը, սակայն մտադիր է խորացնել հարաբերությունները Համագործակցության կազմի մեջ մտնող բոլոր երկրների հետ: