2014 թվականին ՀՀ պետբյուջեից 9,5 միլիարդ դրամ է հատկացվելու Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որը 28 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը: 34,2 միլիարդ դրամ է ստանալու ոստիկանությունը, ինչը 11 տոկոսով ավել է այս տարի հատկացված գումարից:
Ազգային անվտանգության ծառայությունը ստանալու է 16,5 միլիարդ դրամ: Դա 15 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը:
Այս թվերն ԱԺ-ում պատգամովերներին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և գազի գնի բարձրացմամբ, ինչը նաև ավելացնելու է շենքերի ջեռուցման վրա ծախսվող գումարների ծավալը:
Սաֆարյանը նաև նշել է, որ 500 միլիոն դրամ է հատկացվելու ազատամարտիկներին կացարաններ տրամադրելու համար, սակայն հերթագրվածներն ավելի շատ են: Ֆինանսների փոխնախարարը հայտարարել է, որ, գուցե, պետբյուջեի քննարկումների ընթացքում հնարավոր կլինի այլ ոլորտներից գումաներ կրճատել և տրամադրել ազատամարտիկների համար բնակարաններ գնելուն:
Նրա խոսքով՝ ամենից բարձր աշխատավարձերը ՊՆ-ում են լինելու, ապա՝ ոստիկանությունում և ԱԱԾ-ում:
Epress.am-ի թղթակիցն ԱԺ-ից հաղորդում է, որ այսօրվա նիստը եզակիներից էր, երբ Ազգային ժողով էին ներկայացել ՀՀԿ խմբակցության անդամներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Նրանք անընդհատ հետաքրքրվում էին՝ կոնկրետ որքանո՞վ է բարձրանալու զինվորների և զինծառայողների աշխատավարձերը:
«Մենք հեչ, դու ասա զինվորը, աֆիցեռը ինչքան ա ստանալու», – կրկնում էր Սարոյանը:
Սաֆարյանը խնդրել է ՊՆ-ին վերաբերող հարցերը բարձրաձայնել փակ նիստին, որը գումարվելու է քիչ անց: Սարոյանը դժգոհել է, որ ազատամարտիկների կարիքների համար հատկացվող գումարը քիչ է:
Գեներալները նիստի կեսից լքել են դահլիճը, իսկ միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ալևս դժգոհություն չեն հայտնել՝ նշելով, որ «պետությունը փող չունի», «կամաց-կամաց կարվի»:
Սեյրան Սարոյանն էլ, խոսելով ազատամարտիկներին հատկացվող գումարի չափի մասին, լրագրողին ասել է. «Հիմա, որ քեզանից 1000 դոլար ուզեմ, կտա՞ս: Պետությունն էլ աղքատ ա, որտեղի՞ց տա»: