Home / Հայաստան / «Փորիր, Միշա, փորիր…». Փիլիսոփայության դասախոսը՝ Վրաստանի նոր նախագահ

«Փորիր, Միշա, փորիր…». Փիլիսոփայության դասախոսը՝ Վրաստանի նոր նախագահ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի օրը՝ նախագահական ընտրություններից հետո, դիմել է ժողովրդին՝ ասելով, որ «երկրում ընտրությունները կայացել են, ու Վրաստանի ժողովուրդը նոր նախագահ է ընտրել»: Նա ասել է, որ շնորհակալ է ընտրություններին մասնակցած ընտրողներից, քանի որ «ցանկացած ընտրություններ ծառայում են ժողովրդավարության զարգացմանը»: «Վրացի ընտրողն ասաց իր խոսքը: Ընտրությունների արդյունքներից դժգոհ մնացածներին ուզում եմ ասել, որ մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը: Դա ժողովրդավարության կանոնն է»,- նշել է Սաակաշվիլին:

Հանրահայտ թբիլիսցի բլոգեր berg-man-ը ընտրությունների ավարտին գրել է. «Թբիլիսիում իրավիճակը շատ հանգիստ է: Ընտրություններն առանց լարվածության են անցել: Շատ առումներով, նշանակալի է հետխորհրդային երկրների համար, բացի Մերձբալթյան երկրներից:

«Երազանքը» հաղթանակ է տոնում: Խախտումներ, կարող է, եղել են, իհարկե, բայց 2-3%-ի սահմաններում: Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է ձայների 68%-ը: Երկրորդ տեղում Դաթո Բակրաձեն է՝ 17%, երրորդ տեղում՝ Նինո Բուրջանաձեն՝ 10%:

65-70%-ը հենց Բիձինա Իվանիշվիլիի կանխատեսած թիվն է:

Հ.Գ. Միշան խայտառակչի է: Այսպիսի հնարավորությունը փչացրած Ցախես: Սա արդեն ապտակ չէ միշիզմին, ինչպես խորհրդարանական ընտրություններին, այլ՝ աքացի հետույքին: Նա Թբիլիսիի շուրջ դիրքեր է փորում :-))))) Փորիր, Միշա, փորիր 🙂 Հերոս, բա չէ…»:

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ծնվել է 1969թ. սեպտեմբերի 4-ին: 1992 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: Ստացել է փիլիսոփայության դիպլոմ, ունի ուսուցչի վկայական: 1993-1996 թթ. ուսման է անցել է Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Պրահա, Չեխիա), ինչպես նաև Մոսկվայի փիլիսոփայության ինստիտուտում ու Գիտությունների ակադեմիայում: 

1992-1994 թթ. Գեորգի Մարգվելաշվիլին աշխատել է որպես զբոսավար «Caucasus Travel» ընկերությունում: 1993թ.-ին եղել է Վրաստանի Մշակույթի լաբորատորիայի ու Մարգինալ իրավիճակների հոգեբանական լաբորատորիայի կրտսեր մասնագետ:

1994-ից 1995 թ.՝ «Բիզնես օրագրեր» ՍՊԸ մարկետինգի հարցերով վարչության պետ:

1996-1997 թ.՝ փիլիսոփայության ու մշակույթի դասախոս Թբիլիսիի անկախ համալսարանում:

1995-2000 թթ.՝ Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի մասնագետ (ծրագրի խորհդատու):

2000 թ.-ից Գեորգի Մարգվելաշվիլին աշխատել է Վրաստանի Զուրաբ Ժվանիայի անվան հանրային գործերի ինստիտուտում (GIPA): 2006-2010 թթ.-ին եղել է ինստիտուտի Հետազոտությունների վարչության պետ: 2000-2006 և 2010-2012 թթ.-ին զբաղեցրել է ռեկտորի պաշտոնը:

2013 թ.-ի հոկտեմբերի 16-ին «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց Վրաստանի նոր կառավարության նախարարների թեկնածուներին: Կրթության ու գիտության նախարարի պաշտոնին Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին առաջարկեց Մարգվելաշվիլիի թեկնածությունը: Հոկտեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց կառավարության նոր կազմը:

2013 թ.-ի մայիսի 11-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2013 թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին «Վրացական երազանք»-ի կողմից պայքարելու է Գեորգի Մարգվելաշվիլին: Օգոստոսի 12-ին Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին պաշտոնապես ներկայացրեց որպես «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի թեկնածու:

Մարգվելաշվիլին փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Հեղինակել է  մի շարք գիտական աշխատություններ ու ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ քաղաքականության, միջազգային հարաբերությունների, մշակույթի, փիլիսոփայության թեմաներով:

Կատարելապես տիրապետում է ռուսերեն ու անգլերեն լեզուներին: