Home / Հայաստան / «Կարֆուրը» կարող է Հայաստան չգալ արտագաղթի և ՄՄ-ին միանալու պատճառով

«Կարֆուրը» կարող է Հայաստան չգալ արտագաղթի և ՄՄ-ին միանալու պատճառով

«Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ ֆրանսիական «Կարֆուրը», Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի, գրում է «Հայկական ժամանակը»: Թերթի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա։

«Կարֆուրը» Հայաստանում՝ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր դեռ մեկ տարի առաջ։ Սակայն ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով «Կարֆուրը» որոշեց հիպերմարկետ բացել այլ տեղում՝ դեռ կառուցվող «Երևան մոլ»-ում։

Սա արդեն բացասական ազդեցություն է թողել հիպերմարկետը բացելու գործընթացի վրա։ Իսկ հիմա, ուսումնասիրելով Հայաստանից արտագաղթի իրական ծավալները, «Կարֆուրի» մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար, նշում է թերթը:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան «ՀԺ»-ին հայտնել է, որ «Կարֆուրում», մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն նաև Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով, քանի որ դրա արդյունքում էականորեն կփոխվի նաև ներկրվելիք ապրանքների համար այսօր գոյություն ունեցող մաքսային ռեժիմը։

Հոդվածը՝ թերթի այսօրվա համարում