Արմավիրի մարզի գյուղացիներին ոչ պիտանի դիզվառելիք է բաժանվել: Այս մասին այսօր ԱԺ-ում 2014թ. պետբյուջեից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող գումարի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ բարձրաձայնելով Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների խնդիրը:
«Դուք ոչ թե գյուղացուն եք սուբսիդավորել, այլ Ֆլեշին», – ասել է ՀԱԿ պատգամավորը՝ նկատի ունենալով Հայաստան բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանին, ով հայտնի է Ֆլեշի Բարսեղ կեղծանունով:
Նախարար Սերգո Կարապետյանը նկատել է, որ Զուրաբյանը, հավանաբար, ՀԱԿ-ի համակիր գյուղացիների հետ է զրուցել, քանի որ մնացած գյուղացիները գոհ են իրենց ցուցաբերված աջակցությունից: Սերգո Կարապետյանի խոսքով՝ դիզվառելիքն իրականում գնվել է ամենաորակյալ ներմուծողից:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ Հովհաննես Հակոբյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ գյուղացիները հրաժարվում են որպես օգնություն իրենց տրված անորակ դիզվառելիքից, քանի որ տրակտորի տերերը վախենում են, որ այն կարող է փչացնել շարժիչը:
«Տված դիզվառելիքը ժանգի գույն ունի, ոչ թե կապույտ կամ դեղին, ինչպես լինում է նորմալ դիզվառելիքը»,- ասել էր Հակոբյանը: Նրա խոսքով՝ գյուղացիներին անհանգստացնում է նաև, թե ինչ սկզբունքով է վառելիքը բաժանվում:
Հակոբյանը նաև նշել էր, որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում նրանում, որ գյուղացիներին տրվող վառելիքը չի բաշխվում՝ ըստ ունեցած հողատարածքի հեկտարների:
Լուսանկարը՝ panorama.am