ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկին չի կարելի մեղադրել ոչ անդամ երկրին զենք վաճառելու մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո կայացած ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին:
Լրագրողները Վիբորնիին հարցրել են` ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերվում նրան, որ Ռուսաստանը և Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին, որը անընդհատ պատերազմով է սպառնում Հայաստանին:
Վիբորնիի խոսքով՝ ՀԱՊԿ-ը չունի նման դեպքերում զենքի վաճառքն արգելող օրենք, և կազմակերպության կանոնադրության մեջ նման կետ չկա, ուստի պատժիչ մեխանիզմ լինել չի կարող:
Ռուսաստանցի գործիչը խնդրել է հաշվի առնել, որ ՀԱՊԿ-ը երիտասարդ կազմակերպություն է, և զենքի վաճառքի հարցի վերաբերյալ հնարավոր է հայտարարություն անի ապագայում, քանի որ հայաստանյան պատվիրակության անդամները բարձրացրել են այդ հարցը:
Հիշեցնենք, որ ասուլիսը սկսվել է ռուսերեն լեզվով, ապա լրագրողները սկսել են հայերեն հարցեր ուղղել, իսկ թարգմանություն չի եղել: Ասուլիսի մասնակից, ՀԱՊԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Խոսրով Հարությունյանը նշել է, որ թարգմանության բացակայությունը կապված է տեխնիկական խնդիրների հետ, իսկ ՀԱՊԿ-ի նիստն անցել է ռուսերեն լեզվով, քանի որ նիստն արտագնա էր, իսկ ՀԱՊԿ-ի աշխատանքային լեզուն ռուսերենն է: