Ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի ներկայանում Ազգային ժողով: Այս մասին այսօր ԱԺ-ում Արտաքին գործերի նախարարությանը բյուջեից տրամադրվելիք գումարի քննարկման ժամանակ հարց է բարձրացրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա դժգոհել է Նալբանդյանի բացակայության կապակցությամբ՝ նշելով, որ մինչ այդ էլ բացակայել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչդեռ ԱԺ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բյուջեի քննարկմանը ներկա են լինելու հենց նախարարն ու քաղաքապետը: Սա առաջին դեպքը չէ, երբ Նալբանդյանին Ազգային ժողովում ներկայացնում է փոխնախարարը:
Փաշինյանն ընդգծել է, որ չի ցանկանում վիրավորել Նալբանդյանին փոխարինողներին, օրինակ, փոխնախարար Շավարշ Քոչարյանին, սակայն նախարարի ներկայությունը պարտադիր է: Հակառակ պարագայում, ըստ Փաշինյանի, պատգամավորներն էլ իրենց օգնականներին կարող են ուղարկել քննարկման:
Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Նալբանդյանը մեկ անգամ նախորդ տարի եկել էր Ազգային ժողով, և պատգավորների հետ հանդիպումը հաճելի չի եղել նրա համար, այդ իսկ պատճառով ԱԳ նախարարը խուսափում է ԱԺ ներկայանալուց: