Այսօր ԱԺ-ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դժգոհել է իր գրասենյակին հատկացվող գումարի չափից: Նա նշել է, որ ՄԻՊ գրասենյակը բյուջետային հայտ էր ներկայացրել 244 մլն դրամ ստանալու համար, մինչդեռ բյուջեի նախագծով իրենց հատկացվել է միայն 213 մլն:
Հիշեցնենք, որ 2013թ. պետական բյուջեից Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին հատկացվել էր 176 մլն դրամ, որից օմբուդսմենը ևս դժգոհ էր: Նա խնդրել էր հավելյալ 11 մլն 817 հազար դրամ, որը պետք է ծախսվեր նոր տեխնիկայի, արագ արձագանքման խմբի աշխատանքը օպերատիվ կազմակերպելու, խմբի ճանապարհային ծախսերը հոգալու համար:
Այսօր Օմբուդսմենը հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի էր հայտարարել, որ ՄԻՊ գրասենյակը չի պատրաստվում դիմել միջազգային կազմակերպություններին՝ դրամաշնորհ ստանալու համար՝ գերադասելով, որ այդ գումարներն ուղղվեն հայաստանյան ՀԿ-ների զարգացմանը, և եթե բյուջեով հավելյալ ֆինանսավորումը չտրամադրվի, ապա գրասենյակի աշխատանքն արդյունավետ չի լինի, մասնավորապես, արագ արձագանքման խմբի աշխատանքները վտանգված կլինեն կամ այդ խումբն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ:
Անդրեասյանի խոսքով՝ այսօր լրանում է իրենց վերջին դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ժամկետը, հետևաբար պետբյուջեից պետք է ֆինանսավորումն ավելանա:
«Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին: Դրանից 15 մլն մարզային վեց գրասենյակներից երեք գրասենյակների համար էր, որ խնդրել էինք: 10 մլն դրամ արագ արձագանքման համար էր: Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այևս չի գործի արագ արձագանքման խումբը»,- այսօր հայտարարել է օմբուդսմենը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր աջակցությունն է հայտնել ՄԻՊ գրասենյակին հավելյալ գումար տրամադրելու հարցում՝ ասելով, որ իրենք մտադիր են ներկայացնել Արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ տրամադրելու առաջարկ:
«Իհարկե, ես չեմ կարող երաշխավորել, որ կառավարության պատասխանը չի լինի իրենց մշտական «copy/ paste» պատասխանը, որ մերժում ենք, որովհետև շատ ավելի կարևոր գերակայություններ կան»,- ասել է Զոհրաբյանը: