Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը (լուսանկրաում՝ կենտրոնում): Վերջինս հանրությանը հայտնի է տարբեր բողոքի ակցիաների ընթացքում ակտիվիստների նկատմամբ դրսևորած ագրեսիվ վարքով:
Պետրոսյանի պաշտոնանկության մասին Epress.am-ին ասել է Ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Մեր հարցին՝ արդյոք Պետրոսյանի պաշտոնանկությունը կարող է կապված լինել երեկ երեկոյան կազմակերպված ակցիայի հետ, երբ 4 ակտիվիստներ դդում էին դրել նախագահական նստավայրի առջև, Մալխասյանը բացասական պատասխան է տվել:
Նրա խոսքով՝ Պետրոսյանի աշխատանքից ազատելը կապված է «աշխատանքի ոչ բավարար արդյունավետության հետ»:
Վերջին շրջանում Արայիկ Պետրոսյանն ագրեսիվ պահվածքով և ակտիվիստների նկատմամբ ուժ կիրառելով էր աչքի ընկել Կոմիտաս 5-ի ակցիաների ժամանակ: Դրանցից մեկի ընթացքում նա սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել բնակիչներից մեկի՝ երիտասարդ աղջկա հասցեին: Վերջինիս պապը պատիվ էր պահանջել Պետրոսյանից ու թքել նրա վրա: Ի դեպ, լրագրողները բազմիցս լսել են, թե ինչպես է Պետրոսյանը հայհոյում ակտիվիստներին ակցիաների ժամանակ: