Home / Տեսանյութեր / Ձերբակալված ազատամարտիկին սատարեցին ՔԿՀ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձերբակալված ազատամարտիկին սատարեցին ՔԿՀ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, համակիրները նրան աջակցելու նպատակով այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ- մոտ բողոքի ակցիա են անցկացրել:

Պաստառներն ու դրոշները ձեռքերին՝ ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել են ՔԿՀ-ի վարչական մուտքի մոտ, այնուհետ տեսանելի և լսելի դառնալու համար  բարձրացել են բլրակի վրա, որտեղից երևում էր ՔԿՀ-ի շենքը ու բարձրախոսով դիմել են թե Ավետիսյանին, թե մյուս դատապարտյալներին:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասել է, որ իրենք պահանջում են, որպեսզի անօրինական դատապարտված ազատամարտիկին անհապաղ ազատ արձակեն:

1volodya

«Վոլոդյա, եղբայր, քո բարձրացրած պահանջները բացարձակ ճիշտ են, մենք քո հետ ենք, եթե անգամ մեզ բոլորիս ձերբակալեն, մեր գործը շարունակողներ կան», – բարձրախոսով հայտարարել է Սարուխանյանը:

Վերջինս ընդգծել է, թե Ավետիսյանի նկատմամբ կիրառված կալանքը իշխանությունների հրահանգներին չհնազանդվելու հետևանք է:

2volodya

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ նշել է, թե իշխանություններն այսօր բոլոր հաշմանդամ ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին միտումնավոր սովի են մատնել, սոցիալապես անապահով ազատամարտիկներին էլ դուրս մղել բյուջեից, ժողովուրդն այսօր տառապում է այս կառավարության ձեռքում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մայիսին մի խումբ համակիրների հետ շարժում է սկսել՝ պայքարելով ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու համար:

Համաձայն ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ Ավետիսյանը սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է Քրօր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն իրականացնելու կասկածանքով:

«Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ: