Հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում հեղափոխություն նախաձեռնած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին երթ է կազմակերպում: Տվյալ օրվա ընտրությունը Հարությունյանը պայմանավորում է V for Vendetta ֆիլմի հետ, որը, նրա խոսքով, հեղափոխության խորհրդանիշ է տվել՝ դիմակ, որն օգտագործվել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման մեջ, այնուհետև Եվրոպայում: Այս տարի՝ նոյեմբերի 5-ին, ակցիաներ են անցկացվելու աշխարհի ավելի քան 400 երկրներում:
«Քանի որ ԱՄՆ-ի նախագահը Սերժ Սարգսյանի նման սրիկա չէ, ամերիկացիները պայքարում էին կապիտալիստական համակարգի դեմ, բայց մեզ մոտ միանգամից ամեն ինչ պետք է փոխվի, քանի որ և Սերժ Սարգսյանն է սրիկա, և բոլորն են սրիկա, և կապիտալիզմն է իշխում վայրի ձևի»,- ասել է Շանթ Հարությունյանը:
Երթի երթուղին դեռ որոշված չէ, և, ըստ Հարությունյանի, դա այնքան էլ կարևոր չէ և կախված է նրանից, թե քանի մարդ է մասնակցելու:
Հարությունյանն ասել է, որ նստացույցի երկու օրվա ընթացքում իրեն բազում քաղաքացիներ են այցելել, հարցրել՝ ինչ պետք է անեն՝ հեղափոխությանն աջակցելու համար: Եկել են նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Հարությունյանը, սակայն, ասել է, որ չի ցանկանում, որ կուսակցությունները միանան իր պայքարին, քանի որ ինքը նախաձեռնել է քաղաքացիական շարժում:
«Ես էլ ունեմ կուսակցություն, բայց ոչ մի խոսք չեմ ասել իմ կուսակցության մասին, քանի որ այստեղ քաղաքական պլատֆորմ չկա, կա բռնապետության դեմ պայքար: Քաղաքական կուսակցություններն իրավունք չունեն գնալ հեղափոխության, նրանք պետք է գնան քաղաքական պայքարի, բայց Հայաստանում էլ ընտրություններ չկան»,- ասել է Հարությունյանը:
Լուսանկարը՝ Շանթ Հարությունյանի Facebook-ի էջից