Home / Հայաստան / «Իրենց թվում է՝ գյուղացին բան չի հասկանում». գյուղատնտեսն ընդդեմ վարկային կազմակերպության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրենց թվում է՝ գյուղացին բան չի հասկանում». գյուղատնտեսն ընդդեմ վարկային կազմակերպության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ջի-էֆ-սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպությունը  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղվարկեր է տրամարդել Արմավիրի Հայկաշեն գյուղի 5  տնտեսությունների: Սակայն գյուղվարկերը ոչ միայն չեն օգնել գյուղացիներին իրենց տնտեսությունը զարգացնել, այլև հանգեցրել են նրանց արտագաղթելուն կամ դատարան դիմելուն: Այս մասին Epress.am-ին պատմել է Հայկաշեն գյուղի բնակիչ Լարիսա Ասրյանը, ում ամուսինն ու որդիները նույնպես արտագաղթել են:

Նրա խոսքով՝ վարկային կազմակերպությունը դատական գործ է հարուցել 4 ընտանիքների դեմ այն պատճառաբանությամբ, թե նրանք խախտել են պայմանը՝ ոչ նպատակային են օգտագործել վարկը, իսկ իր դեմ հայցն անհիմն է:

Ասրյանը նշել է, որ, դատարան դիմելով, բանկը փորձել է 5 տարով վարկ վերցրած գյուղացիներից գումարները հետ ստանալ, քանի որ դրամն արժեզրկվել է, և ընկերությունը կարող էր վնաս կրել: Ըստ նրա՝ ընկերությունը գումարը պահանջել է, և չորս տնտեսություններ ստիպված են եղել վաճառել իրենց ջերմոցները՝ խախտելով պայմանագիրը, իսկ ինքը չի գնացել այդ սադրանքի, թեև դա չի փրկել դատարանում հայտնվելուց: Համաձայն վարկի պայմանների՝ եթե գումարը նպատակային չէ օգտագործվում, ապա ընկերությունն իրավունք ունի միանգամից հետ ստանալ գումարը: Ասրյանի դեպքում վարկը նպատակային է օգտագործվել՝ ջերմոցները չեն վաճառվել կամ քանդվել:

Լարիսա Ասրյանն ընկերության հետ պայմանագիր է կնքել 2010 թվականին՝ 5 տարվա ժամկետով և 12%-ով՝ 520 քմ ընդհանուր մակերես ունեցող երկու ջերմոց աշխատացնելու համար: Հաջորդ տարի՝ 2011 թվականի ապրիլի 24-ի փոթորիկից հետո, ջերմոցի պոլիէթիլենային ծածկը ամբողջությամբ վնասվել է, և ընտանիքը դիմել է ընկերությանը՝ ևս 500 հազար դրամ խնդրելով՝ ջերմոցը վերանորոգելու համար: Այս անգամ ընկերությունը վարկ է տվել 24%-ով՝ 350 հազար դրամ:

Ասրյանն ասում է, որ այն ժամանակ դեռևս գործում էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, սակայն վարկային կազմակերպությունը գումարը կրկին վարկի տեսքով է տվել, այլ ոչ թե սուբսիդավորել 6%-ով, ինչը պետք է աներ Կառավարության որոշմամբ:

Ընտանիքը երկու վարկերի տոկոսները փակելու համար վաճառել է ունեցած ամեն արժեքավոր բան:  2012 թվականին տոկոսները փակելով՝ ընտանիքը չի կարողացել փակել մեծ վարկի մայր գումարը և ստացել տույժեր, թեև կար կառավարության որոշում, որում նշված էր, որ տուժած գյուղական տնտեսություններին պետք է ընդառաջել և չհաշվարկել որպես տույժ:

«Բացարձակ ցինիկաբար ասում են, որ կառավարության որոշումն իրենց համար նշանակություն չունի: Հետաքրքիր է՝ ո՞ր երկրում են իրենք ապրում»,- ասում է Ասրյանը:

Օգոստոսին վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով ողջ գումարը: Դա, ըստ գյուղատնտեսի, անօրինական է, քանի որ ընկերությունը իրավունք կունենար նման բան անել միայն եթե ինքը ոչ նպատակային օգտագործած լիներ գումարը, եթե երկու ամիս տոկոսները չվճարեր կամ եթե իրավական խախտում թույլ տված լիներ: Ըստ նրա՝ դատի տալու համար հիմք չունենալով՝ ընկերությունը կեղծ տույժեր է գրել իր վրա: 

Գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում: Ասրյանի խոսքով՝ ինքն ունի բոլոր պայմանագրերը, վճարումների բոլոր ստացականները, ուստի վստահ է, որ կարող է ապացուցել վարկային կազմակերպության ապօրինությունները:

«Իրենց թվում է՝ գյուղացին էնքան գյուղացի է, որ ոչ մի բան չի հասկանում: Ես գումար չեմ վճարելու, մինչև դատարանը չպարզի՝ մեզանից ով է ճիշտը», – ասել է Լարիսա Ասրյանը:

Նշենք, որ գյուղատնտեսը տուժել էր նաև այս տարի մայիսին գրանցված կարկուտից: Նրա ձմերուկի արտը 60 տոկոսով վնասվել էր՝ պատճառելով շուրջ 800 հազար դրամի վնաս:

Մանրամասները՝ տեսանյութում