Home / Տեսանյութեր / Ոստիկաններն ու սադրիչները՝ Երևանի կենտրոնում. բնակիչները փակել էին մեքենայի ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկաններն ու սադրիչները՝ Երևանի կենտրոնում. բնակիչները փակել էին մեքենայի ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հացեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները:

Բնակիչների խոսքով՝ թեև վաղուց հարմարվել են բակում ստեղծված արտակարգ դրության ռեժիմին և մյուս օրերի պես այսօր էլ կաթսայատան մոտ ողջ գիշեր հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենան իրենց չի զարմացրել, սակայն

լուսադեմին նկատել են, որ բակ ժամանած մեծ թվով ոստիկանները շրջապատել են կաթսայատունը և հետևել են, որպեսզի շինանյութեր տեղափոխող մեքենան անվտանգ մտնի բակ:

Հավաքված բնակիչները փակել են շինարարական մեքենայի ճանապարհը և ստիպել վարորդին այն հեռացնել բակից, ինչն առաջացրել է շինարարության ղեկավարի զայրույթը:

Վերջինս բնակիչներին ասել է, թե ամեն գնով շինությունը կառուցվելու է, և բանվորներից պահանջել է մեքենայից հանել շինանյութերը:

Ժամեր շարունակ տևած ակցիայի արդյունքում բնակիչները ստիպել են, որպեսզի մեքենան բակից դուրս գա:

Բակում, բացի ոստիկաններից, լրագրողներից և բնակիչներից, մի քանի խումբ անծանոթ անձինք էին հավաքվել: Բնակիչների խոսքով՝ դրանք սադրիչներ են: Նրանք հիշեցրել են, որ վերջին ամիսների ընթացքում իրենց հաճախ սպառնացել են անծանոթ երիտասարդներ՝ պահանջելով չբողոքել շինարարության դեմ:

Անծանոթները լուսանկարում ու տեսանկարում էին լրագրողներին: Բակից նրանց հեռացնելու պահանջներին ոստիկաններն արձագանքում էին միայն այն ժամանակ, երբ բնակիչների ու անծանոթների միջև վիճաբանություն էր սկսվում:

Բնակիչները պահանջել են քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցչին գալ բակ ու պարզաբանում տալ, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել: Այս պահի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանների թիվը մեծացել է՝ հասնելով մոտ 100-ի, բակ է բերվել նաև 2 շտապօգնության մեքենա: