Home / Հայաստան / ՊԵԿ նախագահի ընկերությունը կդառնա Հայաստանում 4-րդ բջջային օպերատորը

ՊԵԿ նախագահի ընկերությունը կդառնա Հայաստանում 4-րդ բջջային օպերատորը

Հայաստանում խոշորագույն ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը՝ U!com-ը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այսօր Հայաստանի տարածքում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն կստանա: Այսպիսով, U!com-ը կդառնա Հայաստանի 4-րդ բջջային օպերատորը՝ Բիլայնից, Վիվասել-ՄՏՍ-ից և Օրանժ Արմենիայից հետո:

Համաձայն Հանձնաժողովի, արտոնագիրը տրվելու է մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը: Պայմանագիրը կնքելուց հետո U!com պարտավորված կլինի երեք բանկային օրավ ընթացքում պետբյուջե վճարել 6 միլիարդ 225 միլիոն դրամ:

U!com ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին և մասնագիտանում է հեռահաղորդակցման ոլորտում: Ընկերությունը պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին են պատկանում նաև «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը:

Այս տարի գարնանը Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով ստուգել պետական պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերը: Հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի, որևէ բիզնեսի և իր պաշտոնավարման միջև շահերի բախում չկա, իսկ ընկերությունները պատկանում են նրա բարեկամներին և ընտանիքի անդամներին: