Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները և հայտարարել, որ չի լռելու։ Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։
Մարկոսյանի խոսքով՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել են վաղուց. «Տղաս ծառայում էր ՊՆ զորամասերից մեկում, ու այդ ժամանակ զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանի և որդուս միջև վեճ էր տեղի ունեցել: Մայոր Պողոսյանը տղուս ասել էր. «Այ ոչխար, հլա ուղղվի»: Դավիթը գնացել էր մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի վերջինիս կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել էր աշխատասենյակ, մայորին հարցրել էր. «Էդ ինձ էիք ասո՞ւմ՝ այ ոչխար»: Մայորը պատասխանել էր. «Ոչ միայն էդ եմ ասում, այլև ուրիշ բաներ», և սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածել էր մայորի գլխին՝ ականջների ուղղությամբ: Եվ ես պնդում եմ, որ լավ էր արել, ու՞մ հայհոյեր, որ նման բան չանի»:
Զինվորի հոր խոսքով՝ այս պատմությունից հետո Դավիթը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման ու պատիժը կրելուց հետո շարունակում էր իր ծառայությունը Վարդենիսի զորամասերից մեկում:
«Ծառայության ընթացքում որդուս մոտ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացան, և սեպտեմբերի 17-ին նրան տեղափոխեցին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ: Նշված գիշերն անծանոթ բարի մարդիկ են փրկել իմ երեխային», – պատմել է հայրը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները՝ Ռազմիկը, Արոն և Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»»,– պատմել է Դավիթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում