հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություն կա. ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություն կա. ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը կարգավորելու հնարավորություն է ստեղծվել, ինչը չկար վերջին շրջանում: Այս մասին ադրբեջանական Trend և Azernews գործակալությունների հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ-ն հավատում է այդ հնարավորությանը»,- ասել է նա:

Ուորլիքը նշել է, որ ժամանել է Ադրբեջան պարզելու՝ արդյոք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահական ընտրություններից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել:

«Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդներն էլ արժանի են խաղաղության ու բարգավաճման: Մենք պետք է միջոց գտնենք, ու դա է պատճառը, որ ես ստանձնեցի համանախագահի աշխատանքը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել խաղաղության ուղին»,- ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը:

Ուորլիքն ասել է, որ պատրաստ է տարածաշրջան գալ այնքան, որքան անհրաժեշտ կլինի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են հետագա բանակցությունների ծրագիրը քննարկել երկու երկրների նախագահների հետ:

«Նախագահները մոտ երկու տարի չեն հանդիպել, ու այդ երկու տարիների ընթացքում մենք ի վիճակի չենք եղել առաջընթացի ուղի գտնել: Հույս ունենք՝ նախագահներն ի վիճակի կլինեն հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար, որը կօգնի առաջընթացին»,- հայտարարել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ հակամարտության կողմերն իրենք հայտարարեն համապարփակ բանակցություններ իրականացնելու ցանկության մասին:

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն ու ընտրությունը բարդ են: Բայց դա հակամարտություն է, որը կարող է լուծվել: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդներն արժանի են խաղաղության: Դրա ժամանակն արդեն եկել է: Եթե ես կարող եմ նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են օգնել հեշտացնել այդ գործընթացը, ապա մենք պատրաստ ենք դա անել»,- եզրափակել է Ուորլիքը: