ՀՀ Արդարադատության նախարարությունում փաստաբանների պետական գրանցամատյան ստեղծելու մասին կառավարության նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել «Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհուրդ» (CCBE) կազմակերպության ներսում: Եվրոպայի ավելի քան մեկ միլիոն փաստաբանների միավորող կառույցի նախագահ Էվանգելոս Ցուրուլիսը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ բարձրաձայնելով կառույցի մտահոգությունները: Հիշեցնենք, որ Հայաստանում օրենքի նախագիծ է շրջանառվել, համաձայն որի հայաստանցի բոլոր փաստաբանները պետք է գրանցվեն Արդարադատության նախարարության գրանցամատյանում և տարեկան 60000 դրամ վճարեն: Նախագիծը լուրջ դժգոհություն էր առաջացրել հայաստանցի փաստաբանների շրջանում:
CCBE-ի նամակում, մասնավորապես, ասված է:
«CCBE-ն գտնում է, որ առաջարկվող պետական գրանցամատյանի ստեղծումը հակասում է փաստաբանների մասնագիտության եվրոպական առանցքային այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են անկախությունը և ինքնակառավարումը:
Պետական գրանցամատյանի ստեղծման միայն փաստն անգամ, ինչպես նաև Փաստաբանների պալատից պահանջել Արդարադատության նախարարությանը տրամադրել Պալատում գրանցված փաստաբանների վերաբերյալ տեղեկատվություն, վտանգում է մասնագիտության բուն էությունը, որը պետք է կառավարությունից անկախ լինի:
CCBE-ի համոզմունքն է, որ ինքնակառավարումն է ուժեղ տարրը, որ կարող է երաշխավորել փաստաբանների մասնագիտական անկախությունը պետությունից և որ առանց անկախության երաշխիքի փաստաբանները չեն կարող իրականացնել իրենց մասնագիտական և իրավական առաքելությունը:
Հետևաբար, CCBE-ն կոչ է անում չստեղծել պետական նման գրանցամատյան և հորդորում, որպեսզի գրանցամատյանի հետ կապված բոլոր խնդիրները մնան Փաստաբանների պալատի կարգավորման շրջանակում:
CCBE-ի համար դժվար է հասկանալ պետական գրանցամատյանի ստեղծման անհրաժեշտությունը: Փաստաբանների պալատն իր պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով արդեն իսկ տրամադրում է փաստաբանների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ՝ արտոնագրի համարը, կոնտակտային տվյալները և մասնագիտացման ոլորտները): Ինչու՞ այդ դեպքում ստեղծել լրացուցիչ գրանցամատյան, հատկապես՝ պետական գրանցամատյան: Ավելին, CCBE-ի համար դժվար է հասկանալ պետական գրանցամատյանի նպատակները: Ինչպե՞ս է պետական գրանցամատյանը բարձրացնելու ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը կամ արագացնելու տեղեկատվության փոխանակումը, մանավանդ որ գրանցամատյանը, որը վարում է Պալատը, արդեն գոյություն ունի: CCBE-ն երախտապարտ կլիներ ավելին իմանալ կառավարության այս մտադրության մասին»:
Եվրոպացի փաստաբանների կառույցի նամակում նաև ասվում է, որ օրինագծով առաջարկվող 60.000 դրամ հարկումը աննախադեպ է Եվրոպայում և նույնպես կհանգեցնի փաստաբանների «կրկնակի հարկման»:
«Ոչ միայն փաստաբանները ստիպված կլինեն հարկեր վճարել, ինչպես ցանկացած այլ քաղաքացի (հարկեր, որոնք մասամբ գնում են պետության իրավաբանական օգնության բյուջե), այլ նրանք նաև ստիպված կլինեն ուղղակիորեն աջակցել իրավաբանական օգնության համակարգին պետական գրանցամատյանի տուրքի միջոցով, որը պետք է ուղղվի հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը: CCBE-ն չի կարող որևէ արդարացում գտնել նման խտրական պրակտիկայի համար: Նման նախագիծը կործանիչ ազդեցություն կունենա մասնագիտության համար, և եթե մեկը հետևեր նման տրամաբանությանը, ապա բժիշկներին անհրաժեշտ կլիներ խնդրել ֆինանսավորել առողջապահության համակարգերը, որն աներևակայելի է ցանկացած եվրոպական պետության համար»,-ասված է նամակում: