Այսօր Երևանում երեք ակցիա է անցկացվելու, որոնցից երկուսի ընթացքում, այլ հարցերի թվում, խոսվելու է ոստիկանության ապօրինի գործողությունների մասին:
Մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացնելու «Ազատություն Շանթին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսի ներքո: Քաղաքացիները հավաքվելու են Ազատության հրապարակում և երթով գնալու են դեպի Ոստիկանության շենք: Ակցիայի մասնակիցները պահանջելու են նաև քրեական հետապնդում սկսել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանին, ով պատմել է, որ իրեն և Վարդան Վարդանյանին Կենտրոնի բաժնում ծեծի են ենթարկել անձամբ Վլադիմիր Գասպարյանը և Հունան Պողոսյանը: Ակցիայի կազմակերպիչներն առայժմ չեն հայտնում երթի ժամը:
16.00-ին ակցիա է անցկացվելու նաև գլխավոր դատախազության շենքի դիմաց, որի ընթացքում բողոքելու են Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դեմ: Ակցիայի նախաձեռնողները համոզված են, որ այդ քրեական գործը նպատակ ունի ճնշում գործադրել Կիվիրյանի վրա իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար: Այսօր ևս Կիվիրյանին կանչել են ՀՔԾ՝ ցուցմունք տալու: Հիշեցնենք, որ օգոստոսին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիաներին մասնակցելուց հետո Կիվիրյանի դեմ գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը»:
Ժամը 17.00-ին Ազատության հրապարակում հավաքվելու են ազատամարտիկները՝ Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը քննարկելու նպատակով:
Ինչպես երեկ հայտարարել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, իրենք պետք է Սերժ Սարգսյանին ճանապարհեն «այն կերպ, որին նա արժանի է»: