Վերջին երկու տարում ոստիկանությունն ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, և հասարակությունն էլ «հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը»: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, որի հեղինակներն անդրադառնում են «Հայկական ժամանակ» թերթում տպագրված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին:
Շանթ Հարությունյանին ՁՊՎ-ում այցելած Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ Հարությունյանն իրեն տեղեկացրել է, որ Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Անձամբ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություն էր փոխանցել նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։
Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մերկապարանոց է՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով»»:
«Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…
Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: ՄԻՊ-ի դիտորդական խումբը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Ձերբակալված բոլոր 20 հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ո՛ք՝ խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: