Այսօր «Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու գործով հերթական դատական նիստի ընթացքում հետազոտվել են ապացույցները: Նախագահողը որոշել է դատարան կանչել քննչական մարմնի ղեկավարին՝ Դավիթ Ֆլդյանին, քանի որ դատաքննության ընթացքում քննչական փուլի հետ կապված բազում կասկածներ են եղել: Դատավորը նաև որոշել է հարցաքննել գործով տուժող Դավիթ Մկրտչյանին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:
Սարգսյանների պաշտպան Անի Թորոսյանի միջնորդությամբ գործին են կցվել նաև երկու դատական ակտեր, որոնք բնութագրական են Դավիթ Մկրտչյանի համար: Դրանցից մեկով նա դատապարտվել է նախկինում երկու զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, մյուսով հաստատվել է, որ Մկրտչյանը վիրավորել է զինծառայողի:
Թորոսյանը նաև միջնորդել է քննել վկա Արմեն Նազարյանի հետ անցկացրած մասնավոր հարցումը: Այդ հարցման ժամանակ վկան ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրել և պահանջել են սուտ ցուցմունք տալ մեղադրվողների դեմ:
Նշենք, որ մի քանի վկաներ դատարանում ասել են, որ դատարանում հրապարակված իրենց նախաքննական ցուցմունքներն իրականում այն չեն, ինչ իրենք ասել են:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա