Բոննի միջազգային կոնվերսիայի կենտրոնը հրապարակել է «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013» ամենամյա զեկույցը: Զեկույցը ներկայացնում է 2012 թվականի տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանը ռազմականացման 724.12 ցուցիչով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նախորդ տարի Հայաստանը ինդեքսում զբաղեցրել էր 5-րդ հորիզանականը:
Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, 2007 թվականից ի վեր աշխարհի ամենառազմականացված երկիրն Իսրայելն է (794,13 միավոր): 2013 թվականի վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են նաև Սինգապուրը (751, 97 միավոր), Ռուսաստանը (728,87 միավոր), Հայաստանը (724,12 միավոր) և Սիրիան (714, 12 միավոր): ԱՄՆ-ն 574, 05 ցուցիչով զբաղեցրել է 27-րդ հորիզանականը, Չինաստանը՝ 83-րդ հորիզանականը (431, 48 միավոր):
«Ներկա դրությամբ Չինաստանն ունի ամենամեծաքանակ բանակը տարածաշրջանում՝ 2,2 միլիոն զինվոր և 26 093 միավոր ծանր սպառազինություն»,- ասվում է զեկույցի մեջ:
Ըստ վարկանիշի՝ Եվրոպայի երկրները ռազմականացման միջին ու ցածր մակարդակ ունեն: Այսպես, Ֆրանսիան վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը, Լեհաստանը՝ 75-րդը, Գերմանիան՝ 93-րդը, Շվեդիան՝ 94-րդ հորիզոնականը: Ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան: