Գնդապետ Վալերի Օսիպյանին դուր չի եկել «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այսօր մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն նոյմեբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթ էին նախաձեռնել, որը պետք է մեկնարկեր Ազատության հրապարակից: Երթից առաջ ոստիկանների գործողությունները ղեկավարող Օսիպյանը 16-ամյա մի երիտասարդի ձեռքում տեսել է պաստառը, արագ քաշել այն և փոխանցել ոստիկանին, ով պաստառը հեռացրել է դեպքի վայրից: Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել երիտասարդին, սակայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ակտիվիստ Անի Կաղինյանը շրջապատել են երիտասարդին՝ թույլ չտալով, որպեսզի ոստիկանները մոտենան նրան: Նրանք հայտարարել են, որ եթե երթի ընթացքում տղային ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանների վրա: Հիշեցնենք, որ ձերբակալվելուց առաջ իր խոսքում Շանթ Հարությունյանը նշել էր, որ չի ցանկանում «բոզավարի ապրել», այդ իսկ պատճառով գնում է հեղափոխության ճանապարհով:
Այսօր ակցիայի կազմակերպիչները պահանջել են նաև հետ վերադարձնել պաստառը, ինչին ի պատասխան Օսիպյանն ասել է, թե ակտիվիստներն իրավունք չունեն վիրավորել ինչ-որ մեկի անձը: Քաղաքացիները չեն համաձայնել Օսիպյանի հետ՝ պահանջելով «ազատագրել պաստառը»:
Երթի սկզբում ոստիկանները պահանջել են մայթով քայլել, չնայած Արթուր Սաքունցը պնդել է, որ խաղաղ հավաքների մասին օրենքը չի արգելում քայլել փողոցի երթևեկելի հատվածի մի մասով: