ԱԺ-ում այսօր քննարկվել է ԼՂՀ-ն ճանաչելու մասին «Ժառանգության» խմբակցության նախագիծը: Զեկուցող Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ «Ժառանգություն»-ը դեռ 2007 թվականից առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ճանաչումը, ըստ Փոստանջյանի, ազդակ է լինելու նաև այլ պետությունների համար, որպեսզի «այս գործընթացը տեղից շարժվի»:
«Մենք պետք է հստակեցնենք հարաբերությունները: Մենք փաստաթղթեր չունենք: Մենք ունենք զինադադար, մենք խաղաղության պայմանագիր չունենք», – ասել է Փոստանջյանը:
Պատգամավորների մեծ մասին հուզել է այն հարցը, թե արդյոք ճանաչումը չի հանգեցնի պատերազմի վերսկսման: Ըստ Փոստանջյանի՝ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե պատրաստ լինի դրան: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային կողմ:
«Այդպես էլ ի սկզբանե եղել է: Առաջին փաստաթղթի տակ ստորագրել է նաև Արցախը: Մեր իշխանության ապաշնորհ քաղաքականության շնորհիվ է, որ Արցախը դուրս է մնացել», – ասել է Փոստանջյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը պնդել է, որ Փոստանջյանի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմի սադրանքի կուլ գնալ:
ՀՅԴ անդամ Արմեն Ռոստամյանն ասել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու ԼՂՀ ճանաչման համար: Կողմ է քվեարկելու նաև Նիկոլ Փաշինյանը:
ԲՀԿ անդամ Վահե Հովհաննիսյանը, ընդունելով, որ օրինագծի քննարկման ժամանակը սխալ է ընտրված, ասել է, որ դրա քննարկումը չէ, որ պատերազմի հավանականությունը մեծացնում է, այլ Հայաստանի արտագաղթը և տնտեսական վատ վիճակը: