Home / Հայաստան / Նախագահականի դիմացից հեռացված հացադուլավորին բաց են թողել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Նախագահականի դիմացից հեռացված հացադուլավորին բաց են թողել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

19:00 Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ վերադարձած հացադուլավոր Աշոտ Խուդոյանը, ում կեսօրին բռնի ուժով հեռացրել էին նախագահական նստավայրի մոտից, Epress.am-ի զրույցում նշել է, որ շտապ օգնություն մեքենայով իրեն տեղափոխել են հոգեբուժարան:

«Հրամանը էնպես էր, որ «պահեք, մի թողեք նա գա՝ իրա նստացույցը շարունակի»: Հոգեբուժարանում բարձրացրեցին պալատ, որ պառկացնեին, ես ընդդիմանում էի, բայց ոչ մեկն էլ իմ ընդդիմանալու վրա ուշադրություն չէր էլ դարձնում: Ինչ-որ զանգ եկավ ոստիկաններին, մեկ էլ եկան-ասին՝ «դու ուզում ես մնաս, թե չէ»: Ասեցի՝ ձեզ ի սկզբանե ասել եմ, որ դուք բռնի ուժ եք գործադրում իմ նկատւմամբ և ես ստեղ եկել եմ ոչ իմ կամքով: Դուք բռնի ուժով ինձ բերել եք հոգեբուժարան», – նշել է Խուդոյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո ոստիկանները ինչ-որ զանգ են ստացել, որից հետո բերել են Էջմիածին՝ «իբրև թե բժշկական օգնություն էին ուզում ցուցաբերել»:

«Բայց այդ ամենը շինծու է: Եթե բժշկական օգնություն ես ուզում ցույց տաս՝ ինչի ես մարդու նկատմամբ բռնի ուժ գործադրում, թևերը ջարդելով, վնաս պատճառելով մարդուն՝ ինչի՞ համար ես դու նման քայլերի դիմում» – ասել է Խուդոյանը՝ հավելելով, որ շարունակելու է նստացույցը և հացադուլը:  

khudoyan

17:20 Այսօր ժամը 11:50-ի սահմաններում բռնի ուժով նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված, բերանը կարած հացադուլավոր Աշոտ Խուդոյանին բաց են թողել Էջմիածին քաղաքում: Ինչպես նա հաղորդել է նախագահական նստավայրի դիմաց նստացույցը շարունակող կնոջը՝ Հեղինե Մակարյանին, ինքն այժմ վերադառնում է Երևան: 

16:30 Քիչ առաջ Հեղինե Մակարյանը Epress.am-ին ասել է, որ ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը, կրկին զանգահարել է և հայտնել, որ իրեն հոգեբուժարանից այժմ մեկ այլ վայր են տեղափոխում: Խուդոյանի տպավորությամբ՝ իրեն վերադարձնում են Էջմիածին:

15:30 ՀՀ նախագահի նստավայրի 3,5 ժամ առաջ բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինն ու անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու Խուդոյանի հայտարարած նստացույցը: Epress.am-ի հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթն է արտահայտել ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող մայրն ասել է, որ կապվել է Աշոտ Խուդոյանի հետ, ով ասել է, թե իրեն հոգեբուժարան են տարել, սակայն նա չգիտի, թե որ հոգեբուժարանն է դա: Epress.am-ը կապվել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի հետ, ով ասել է, որ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ դա բժշկական գաղտնիք է: 

Հիշեցնենք, որ Խուդոյանը երեկ կարել էր բերանը՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն: Այսօր կեսօրին մոտ 4 ոստիկաններ բռնի ուժ  կիրառելով շտապ օգնության մեքենա են նստեցրել Բաղրամյան մետրոյի մոտ հացադուլ անող Էջմիածնի բնակչին: Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով ամբողջ ընթացքում  լաց է եղել  և օգնություն խնդրել:

«Հետո էլ երգում են՝ «ոստիկան ես, ոստիկան, պահապանն ես դու մեր տան», սրանցից ինչ պահապան, երեխեքս տելեվիզրով դրանց որ տեսնում են, ասում են՝ «սուտ ա, խաբում եք»»,- ասել է Հեղինեն:

Տեսանյութում՝ Աշոտ Խուդոյանը՝ երեկ երեկոյան բերանը կարելուց հետո, նրան ուժով հեռացնելու պահն ու նրա կինը՝ Հեղինե Մակարյանը