Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված Շանթ Հարությունյանը չի բողոքարկելու իրեն երկամսյա կալանքի ենթարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին Հարությունյանն ասել է երեկ իրեն այցելած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Արթուր Սաքունցին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Քաղբանտարկյալ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Սաքունցի հետ զրույցում Հարությունյանը պատճառաբանել է, որ իր նկատմամբ իրականացվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ ու իր կալանավորումը քաղաքական որոշման հետևանք է, ուստի անիմաստ է դատական կարգով կալանքի որոշման բողոքարկումը:
«Հարությունյանը, իր քաղաքական գործունեության տրամաբանությունից ելնելով, պատրաստվում է ամեն ինչ ներկայացնել դատաքննության ժամանակ», – ասել է Սաքունցը:
Սաքունցի փոխանցմամբ՝ քաղբանտարկյալը նշում է, որ դա միանշանակ պատվեր է, որպեսզի իրեն մինչև դեկտեմբերին նախատեսված ՌԴ նախագահ Պուտինի այցելությունն ազատազրկեին` հնարավոր քաղաքական ակտիվությունները ճնշելու համար:
Արթուր Սաքունցը վկայել է, որ Շանթ Հարությունյանի ձեռքերին եղել են բռնության հետքեր: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին Շանթ Հարությունյանն ավելի վաղ ասել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Արթուր Սաքունցն ասել է, որ իր երեկվա հանդիպումից հետո իր համար միանշանակ է, որ ոստիկանապետը հարվածել է Շանթ Հարությունյանին: Նույնը արել են նաև ոստիկանապետի շրջապատի մարդկանցից մի քանիսը, և, ըստ իրավապաշտպանի, Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի:
Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում