Home / Հայաստան / Պաշտոնական Անկարան Հայաստան-Թուրքիա կարգավորումը կրկին կապում է ԼՂՀ-ի հետ

Պաշտոնական Անկարան Հայաստան-Թուրքիա կարգավորումը կրկին կապում է ԼՂՀ-ի հետ

Թուրքիան Շվեյցարիային խնդրել է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտան կարգավորման հարցում: Ըստ թուրքական դիվանագետների՝ դա հնարավորություն կտա Անկարայի և Երևանի հարաբերությունների վերականգնման ուղի բացել:

Հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի պաշտոնյաներին ասել էր, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց նրա խոսքով՝ «Երևանը նախ պետք է ազատագրի Ադրբեջանի օկուպացված տարածքները», հայտնում է Today's Zaman-ը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր անանուն աղբյուրին:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ «այն պահին երբ Շվեյցարիան կարողանա համոզել Հայաստանին լքել օկուպացված տարածքները», Անկարան կբացի սահմանները Հայաստանի հետ: Համաձայն աղբյուրի, Շվեյցարացի պաշտոնյաները Դավութօղլուի առաջարկին դրական են արձագանքել:

Շվեյցարիա կատարած իր այցի ժամանակ Դավութօղլուն նշել էր նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են Թուրքիայի համար, և Թուրքիան փորձում է նոր գաղափարներ ու լուծումներ գտնել հարաբերությունները զարգացնելու նպատակով:

Արտգործնախարարության աղբյուրի համաձայն՝ Թուրքիան, մասնավորապես, նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչև 2015 թվականը, երբ լրանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: