«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնող խումբն այսօր հայտարարություն է տարածել, որով դիմում է Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով:
«Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի պարտքն է պաշտպանել քաղաքացիների շահերը և կատարել իր ընտրողների պատգամը։
Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի՝ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ձեր՝ պատգամավորի և քաղաքացու պարտքը», – ասված է նամակում:
Նշենք, որ արտահերթ նիստը կանցկացվի նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին: Նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքվել է: