«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին բանակցությունների ժամանակ նստել է սեղանի շուրջ, ժպտացել, սեղանի տակից ԿԳԲ արխիվներից թղթապանակ հանել ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ասել. «Դե ինչ, Վիկտոր Ֆյոդորովիչ, գնալու եք Եվրոպա ու ամբողջ Ուկրաինան կարդալու է այս թղթապանա՞կը: Թե՞ Ուկրաինան լինելու է Մաքսային միությունում»: Ու հրաշք կատարվեց՝ Յանուկովիչն ու նրա կուսակցությունը դադարեցրին եվրաինտեգրումը»,- այս մասին այսօր REGNUM ռուսաստանյան գործակալության հետ զրույցում հայտարարել է ուկրաինական «Բատկիվշչինա» (Батькивщина) կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:
Քաղաքական գործչի խոսքով՝ նման իրավիճակում է հայտնվել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով անսպասելիորեն հրաժարվեց եվրաինտեգրումից՝ Մաքսային միության օգտին: «Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ նման պատմություն եղավ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպեց Պուտինին ու փոխեց իր դիրքորոշումը»,- նշել է Բրիգինեցը:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը փակել էր արտահերթ նիստն ու հայտարարել, որ «եվրաինտեգրմանը» վերաբերող երեք հարցերը, որոնք քննարկման էին ներկայացված, պատրաստ չեն: «Ազատազրկման դատապարտված անձանց՝ արտասահմանում բուժում ստանալու հնարավորության մասին օրինագիծը, ցավոք, խորհրդարանի ժամանակավոր աշխատանքային խմբի կողմից քննարկման չի պատրաստվել: Մյուս երկու նախագծերը՝ «Դատախազության մասին» և «Ընտրությունների անցկացման օրենսդրության բարելավման մասին», նույնպես չեն պատրաստվել: Դրանք այնքան շատ փոփոխությունների կարիք ունեն, որ պետք է ամիսներով դիտարկվեն հանձնաժողովներում»,- նշել է Ռիբակը:
Այս երեք օրենքների ընդունումը Բրյուսելի խիստ պայմանն էր՝ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ասոցացման պայմանագիր կնքելու համար: Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը ԵՄ-ից թեքվում է դեպի Ռուսաստան: «Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ նման քայլի հետևանքով ունեցած կորուստների համար փոխհատուցման աղբյուր գոյություն չունի»,- նշել է Ուկրաինայի վարչապետը: