Այսօր բողոքի ցույց են անցկացնում Վանաձորի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են չվերացնել ինստիտուտը: Ինչպես հայտնում է Lorinews.am-ը, հավաքվածները բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան:
«Էսօր պոլիտեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու… ո՞ւմ է պետք երկիրն առանց ինժեների, սա ի՞նչ խայտառակություն է»,- դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ:
Lorinews.am-ի փոխանցմամբ՝ ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը: Նրանք իրենց ձեռքերում պարզել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված է «Թույլ չենք տա ոչնչացնել պոլիտեխնիկը Վանաձորում»:
Բողոքողների հետ է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է հնարավորության դեպքում կատարվածի մասին տեղեկացնել ՀՀ վարչապետին: